Գրաբար

Արտաշես, Սաթենիկ և Արտավազդ

***

Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Կարդա այսպես.

երդմունս — երդմունըս

յաշխարհս — հաշխարհըս

յանձն — հանձն

յափն — հափըն

յինքեանս — հինքյանս

միաբանեալ — միաբանյալ

տարածեալ — տարածյալ

գնացեալ — գնացյալ

հասեալ — հասյալ

արարեալ — արարյալ

զիւրոց — զյուրոց

բազմութիւն — բազմություն

զխաղաղութիւն — ըզխաղաղություն

գետոյն — գետույն

քոյր — քույր

պատանւոյն — պատանվույն

տեղի տայ — տեղի տա

ի հիւսիսոյ — ի հյուսիսո

ի հարաւոյ — ի հարավո

Աշխարհաբար

Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր — ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:

2. Այս բառերն ու բառաձևերը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.

ժողովում է-ժողովէ 

լինում է-լինի 

տեղի է տալիս (նահանջում է)-տեղի տայ

անցնում է-անցանէ 

բանակում է (բանակ է դնում)-բանակի 

գալիս է-գայ 

ձայնում է (ձայն է տալիս)-ձայնէ 

այս ժամանակ-զայսու ժամանակ

պատանու քույրը-քոյր պատանւոյն

գետի ափը-յափն գետոյն

Արտաշեսի բանակը-Արտաշէս բանակի

գնալով-գնացեալ 

հասնելով-հասեալ 

միաբանվելով-միաբանեալ 

բոլոր լեռնականների հետ միաբանվելով-միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ

ձերբակալելով-ձերբակալ 

մեծ բազմությամբ-մեծաւ ամբոխիւ

երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև-երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց

Ալանների արքայի որդուն-զորդի Ալանաց արքային 

գետը նրանց միջև-գետն ընդ մէջ

երդումներ և դաշինք- երդմունս եւ դաշինս

ալանների երիտասարդները- մանկունք Ալանաց

3․ Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).

Վրաց աշխարհ-վրաստան

Հայոց աշխարհ-հայաստան

4․ Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրի՛ր և պատճառաբանի՛ր):

5․ Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Leave a comment