Պատմություն

ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆ
ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը յուրացնել ձգտող նոր գերտերությունը
Հայաստանի համար մղված արաբա-բյուզանդական հակամարտությունն ավարտվեց արաբների հաղթանակով: Արաբական զորքերը 701 թ. գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: Հայաստանում նրանց իշխանությունը հանդիպեց հայ ժողովրդի բոլոր խավերի դիմադրությանը, քանի որ արաբները, ժամանակ առ ժամանակ, տարաբնույթ հալածանքներ էին սկսում իշխանների, եկեղեցու, խաղաղ բնակչության նկատմամբ։

Արաբական ռազմաքաղաքական գերիշխանության հաստատումը Հայաստանում և հակաարաբական առաջին ապստամբությունը
Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի, Վիրքի և Աղվանքի նվաճումից հետո տարածաշրջանում արաբները ստեղծեցին նոր վարչական միավոր, որը կոչեցին Արմինիա։ Այդ վարչական միավորի կենտրոնը սկզբում Դվինն էր, իսկ ավելի ուշ՝ Պարտավը:
Արմինիան գլխավորում էր խալիֆի կողմից նշանակված պաշտոնյան՝ ոստիկանը: Հայաստանի ռազմաքաղաքական կյանքում մեծ կշիռ էր ձեռք բերում Բագրատունյաց տոհմը: Այս տոհմի ներկայացուցիչը երբեմն
համատեղ վարում էր Հայոց իշխանի և սպարապետի պաշտոնները: Հայոց կաթողիկոսին էր շարունակում պատկանել դատական գործը: Նա նաև կատարում էր դիվանագիտական գործառույթներ: Այս պաշտոնների
պահպանումը խոսում է այն մասին, որ Հայաստանում կար որոշակի ներքին ինքնավարություն: Սակայն, միևնույն ժամանակ, արաբական պաշտոնյաները հաճախ էին կամայականությունների դիմում՝ խառնվելով հայոց ներքին կյանքի ամենատարբեր ոլորտների գործերին։
Արաբ առաջին ոստիկանը Հայաստանում ծանր հարկեր է սահմանում: Նա նաև մտադիր էր ոչնչացնել հայ նախարարների զինական ուժը և հենց իրենց՝
նախարարներին, կորստյան մատնել: Տեղեկանալով այս մասին՝ հայ նախարարները գաղտնի ժողով են գումարում: Ժողովի ընթացքում որոշվում է դիմել Բյուզանդիայի օգնությանը՝ արաբների դեմ ազատագրական պայքար սկսելու համար։ Ժողովի մասնակից հայ իշխաններից Սմբատ Բագրատունին բազմաթիվ այլ իշխանների և իշխանական տների ներկայացուցիչների ու զինվորների հետ որոշում է հեռանալ դեպի հայ-բյուզանդական սահմանը։ Հայկական 2000-անոց այս այրուձին առաջնորդում էր հենց Սմբատ Բագրատունին։ Հայ իշխանները նպատակ ունեին շարժվել դեպի Բյուզանդիայի սահմանը և սպասել մինչև կհասնի օգնական զորքը: Երբ հայկական այրուձին
հասնում է Մասիսի լանջերին, նրան սկսում է հետապնդել արաբական 5000-անոց զորագունդը: Փաստորեն, արաբները տեղեկացել էին Սմբատ Բագրատունու ծրագրի մասին։ Ի վերջո, հայերը բանակ են դնում Արաքսի ափին գտնվող Վարդանակերտ բնակավայրում, իսկ արաբական զորագունդը՝ գետի մյուս ափին՝ բաց երկնքի տակ: Հաջորդ առավոտ հայկական զորքն անակնալ հարձակմամբ հանկարծակիի է բերում արաբներին: Ցրտաշունչ գիշերվա պատճառովարաբները կորցրել էին մարտունակությունը, օգնության էր հասել նաև բյուզանդական մի զորաջոկատ, որը նույնպես գրոհում է հակառակորդի վրա: Մարտում արաբական զորաջոկատը գլխովին ջախջախվում է: Արաբներից ողջ է մնում միայն 300 մարդ, որոնք ապավինում են Վանանդ գավառի իշխանուհիներից տիկին Շուշանի գթասրտությանը։ Վերջինս ընդունում է վիրավոր արաբ զինյալներին և օգնություն ցույց տալիս վերքերը բուժելու համար, ինչպես նաև նամակով խնդրում Սմբատ Բագրատունուն՝ չհետապնդել
նրանց։ Այսպիսով նա, կարելի է ասել, մահից փրկում է այդ երեք հարյուր արաբ զինյալներին և հետ ուղարկում իրենց առաջնորդի մոտ։ Հաղթանակից հետո Սմբատ Բագրատունին իր զինակիցների հետ անցնում է Տայք:
Ապստամբությունն ընդգրկում է Հայաստանի այլ շրջաններ ևս: Հայկական ուժերը, Արծրունի և Կամսարական իշխանների գլխավորությամբ, արաբների
նկատմամբ փայլուն հաղթանակներ են տանում: Խալիֆայությունը հայերի դեմ ուղարկում է մեծաթիվ ուժեր, և ապստամբությունը ճնշվում է: Հայկական ապստամբ ուժերին ծանր հարված հասցնելու համար արաբները
դիմում են նենգ քայլի: Հայաստանը նվաճելուց հետո հայ իշխաններին թույլ էր տրվել պահպանել որոշակի թվով զինական ուժ։ Դրա պահպանման հետ կապված ծախսերը երբեմն վճարում էր արաբական իշխանությունը, երբեմն նրանք պարտադրում էին, որ հայ իշխաններն իրենք հոգան զինյալների ռոճիկի և այլ ծախսերը։ Այս ապստամբությունից հետո արաբ կառավարիչը, հայերի այրուձին հաշվառելու և ռոճիկ վճարելու պատրվակով, նախարարներին կանչում է իր մոտ՝ Նախիջևան: Արաբները հայ նախարարներին փակում
են Նախիջևանի ու Խրամի եկեղեցիներում ու, կողպելով դռները, այրում տանիքի գերանները: Կրակով բռնկված այդ եկեղեցիներում ողջակիզվեցին բազմաթիվ հայ իշխաններ։ Այդ տարիներին շատ նախարարական ընտանիքներ բնաջնջվեցին ամբողջությամբ: Այս սոսկալի ոճրագործության պատճառով այս ժամանակահատվածը պատմական մի շարք սկզբնաղբյուրներում հիշատակվում է որպես կրակի տարի
Հակաարաբական այս ապստամբության ճնշումից
հետո արաբական իշխանություններն ավելի են ծանրացնում հայ ժողովրդի վիճակը։ Նրանք ձեռնարկում են հետևյալ քայլերը.
1. 725 թ. Հայաստան է գալիս Հերթ անունով մի արաբ
ոստիկան, որը ծխահարկը փոխարինում է գլխահարկով։ Սա հարկային ծանրացում էր, քանի որ ավելի հեշտ էր հարկ վճարել գերդաստանով, քան՝
անհատապես։ Ըստ հարկային այդ փոփոխության՝15-60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է հարկ վճարեին։
2. Արաբական իշխանությունները երբեմն հարկը պահանջում էին դրամով, ինչը լրացուցիչ բարդություններ էր առաջացնում: Ժողովրդի շրջանում դրամաշրջանառությունը միջնադարի այս ժամանակաշրջանում շատ քիչ տարածված երևույթ էր, ուստի դրամ ձեռք բերելու համար մարդիկ
պետք է ոչ թե իրենց ապրանքը փոխանակեին այլ ապրանքի հետ՝ սեփական կարիքները բավարարելու և հարկը մթերքով վճարելու համար, այլ վաճառեին, ինչը կապված էր բազմաթիվ լրացուցիչ դժվարությունների հետ։
3. Արաբական իշխանությունները Հայաստանի բարեբեր և առավել ծաղկուն շրջանները սկսեցին բնակեցնել արաբական ցեղերով։
4. Ժամանակ առ ժամանակ հալածանքների էին
ենթարկվում հոգևորականները, արաբները պահանջում էին, որ եկեղեցին նույնպես հարկ վճարի։
Արաբական կենտրոնական իշխանությունների և
տեղի արաբ պաշտոնյաների այս գործողությունները
չեն կոտրում հայ ժողովրդի ազատագրական պայքարի
ոգին։ VIII դարի առաջին կեսին հայ հոգևոր և ռազմաքաղաքական գործիչները շարունակում էին քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի վիճակը բարելավելու
և ազատագրական պայքարը շարունակելու ուղղությամբ։
5. Արաբների դեմ պայքարը շարունակելու ռազմավարության մեջ ի հայտ են գալիս երկու տարբեր
մոտեցումներ։ Մամիկոնյան իշխանական տան
ներկայացուցիչները կարծում էին, որ հարկավոր
է, Բյուզանդիայի օգնությանը դիմելով, ակտիվորեն շարունակել ազատագրական պայքարը արաբական իշխանության դեմ՝ անկախություն ձեռք
բերելու համար։ Բագրատունի իշխանական տունը համարում էր, որ հարկավոր է, արաբների հետ բանակցություններ վարելով, ժողովրդի համար
տանելի վիճակ ապահովել՝ զուգահեռաբար պատրաստվելով նրանց դեմ վճռական ռազմական գործողությունների: Երկու խոշոր իշխանական տների
միջև առկա այս ներքին տարաձայնություններն ավարտվում են Բագրատունյաց տան դիրքորոշման որդեգրումով։
6. VIII դարի առաջին կեսի կաթողիկոսներից հատկապես Հովհան Օձնեցին մեծ քայլեր կատարեց հայ ժողովրդի միասնությունն ու ինքնուրույնությունը ամրապնդելու ուղղությամբ։ Նա նաև նպաստեց արաբական իշխանության պայմաններում հայ ժողովրդի վիճակը ժամանակավորապես
թեթևացնելու գործին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է կաթողիկոս Հովհան Օձնեցու և Օմար II Արդարամիտ խալիֆի միջև տեղի ունեցած հանդիպման և երկխոսության դրվագը։ Մինչ տեքստի ընթերցանությանն անցնելը ասենք, որ Հովհան Օձնեցին մշտապես մարդկանց երևում էր գեղեցիկ քարերով զարդարված
հոգևորականի հագուստներով, ինչպես նաև ոսկու փոշով օծում էր երկար մորուքը: Իմանալու համար՝ ինչու էր նա այդպես անում, ընթերցեք մեջբերված
տեքստը։
Հայաստանի Վլիթ անունով ոստիկանը, տեսնելով կաթողիկոսին, նրա մասին տեղեկացրեց ամիրապետին։
Ամիրապետը ցանկացավ տեսնել նրան։ Անմիջապես իր ծառաներից մեկին ուղարկում է Աստծո մարդուն (կաթողիկոսին) իր մոտ բերելու համար։ Երբ նա մեծ պատվով բերվում է արքունական քաղաքը, ամիրապետը նրան
պատգամ է հղում, որպեսզի սովորական հագուստներով իրեն ներկայանա։ Սակայն կաթողիկոսն իր բարձրահասակ կերպարանքն է՛լ ավելի փայլուն զգեստներով զարդարելով և նոր սպիտակած մորուքը ոսկե ծաղիկների փնջի նման կազմելով ու ձեռքն առնելով ոսկենկար գավազանը, որը եբենոսյա փայտից էր…, գնում է ամիրապետի մոտ։ Ամիրապետը տեսնելով ու հիանալով
նրա գեղեցկությամբ, գեղեցիկ հասակով ու փառահեղ տեսքով՝ խնդրում է նրան նստել և սկսում է հարցեր տալ.
– Ինչո՞ւ ես այդպես պճնազարդված…
Իսկ նա պատասխանելով ասում է.
– …Այս բանը կարելի է տեսնել նաև ձեր մարմնավոր թագավորների մեջ, որոնք զարդարված են ծիրանազարդ, ոսկեզարդ զգեստներով և գեղեցիկ զարդերով ու զենքերով, որպեսզի ահաբեկեն շատերին… Բայց եթե ցանկանաս ինձ ամբողջությամբ հետազոտել, դո՛ւ, տե՛րդ, պետք է հրաման տաս, որ մարդիկ մի փոքր հեռու գնան։
Իսկ հետո առանձնանալով՝ արտաքին զգեստները հանեց և նրան ցույց տվեց այդ զգեստների տակից հագած այծամազե ցփսին՝ ասելով.
– Իմ մերկությունն է իմ զգեստը, իսկ արտաքինը միայն
մարդկանց համար է։
Եվ երբ ամիրապետը ձեռք է տալիս այծամազե շապիկին, մռայլվելով, խոժոռվելով և քստմնելով ասում է.
– Ինչպե՞ս կարող է մարդու մարմինը դիմանալ այսպիսի անտանելի քրձին, եթե Աստծո կողմից նրան համբերություն տրված չլինի։
Եվ ապա, մեծ պատվով նրան մեծարելով, յոթ անգամ
նրան զարդարելով արքունական զգեստով և նրան պարգևելով ոսկու և արծաթի գանձեր՝ ամիրապետը կաթողիկոսին ուղարկում է իր աշխարհը։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Պատմական այս փաստը ևս մեկ անգամ ցույց է
տալիս, թե մեկ անհատի իմաստնությունն ինչպես
կարող է անդրադառնալ ողջ ժողովրդի վիճակի
վրա։ Պատմաբանները նշում են, որ արաբական
իշխանությունների կողմից Հովհան Օձնեցուն մեծ
ազատություն է տրվել կրոնական հարցերի կարգավորման համար։ Օգտվելով այդ հանգամանքից՝
Հովհան Օձնեցին անմիջապես վճռական գործողություններ է սկսում հայոց եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրող հունական եկեղեցու դեմ։ Նա
նաև հրավիրում է հայ և ասորական եկեղեցիների
համատեղ ժողով, որտեղ քննադատվում է քաղկեդոնականությունը, և հաստատվում է հայ-ասորական եկեղեցիների միություն։
2. Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ
կաթողիկոսի արտաքին տեսքի մասին Հայաստանի
ոստիկանը նամակով հայտնել է ամիրապետին՝
խալիֆին։ Ինչպես հիշում եք, արաբներն իրենց նվաճումներով նպատակ ունեին աշխարհով մեկ տարածել մուսուլմանությունը։ Գուցե դա է պատճառը, որ
նրանք մեծ ուշադրությամբ հետևում էին հայոց եկեղեցու առաջնորդի գործողություններին՝ փորձելով,
հնարավորության դեպքում, կրոնական բանավեճի
մեջ մտնելու միջոցով պայմաններ ստեղծել մուսուլմանության տարածման համար։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ խալիֆը զրույցի
սկզբում սրամիտ կշտամբանքի միջոցով Հովհան
Օձնեցուն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի համեստ
արտաքին տեսքի մասին։ 
3. Ուշագրավ է, որ խալիֆի պաշտոնը Հովհաննես
Դրասխանակերտցին հիշատակում է «ամիրապետ»
տարբերակով։ Ինչպես նշված է այս թեմայի բառարանում, ամիրա (էմիր) էին կոչվում արաբ իշխանները։ Փաստորեն խալիֆին, որը արաբ իշխանների
առաջնորդն էր, պատմիչը հենց այդպես էլ կոչում է՝
ամիրապետ։
4.Պատմական այլ աղբյուրներից մեզ հայտնի է, որ
Հովհան Օձնեցուն իր մոտ հրավիրած խալիֆը
Օմար Բ-ն է։ Նա այդ աղբյուրներում հիշատակվում է Արդարամիտ պատվանունով։ Հովհան Օձնեցու հանդեպ նրա վերաբերմունքը ևս մեկ անգամ
հաստատում է, որ խալիֆին հենց այնպես չի տրվել
այդ բարձր պատվանունը։ Նա, փաստորեն, լիովին ճանաչեց քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Հովհան Օձնեցու իմաստնությունը և որևէ կերպով
չօգտվեց նրա անպաշտպան վիճակից՝ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ բռնություններ սկսելու նպատակով։
Օգտվելով արաբական իշխանությունների կողմից
իր հանդեպ բարեհաճ վերաբերմունքից՝ Հովհան Օձնեցին իրականացրեց մի շարք գործողություններ, որոնք
ուղղված էին հայ ժողովրդի հոգևոր ինքնուրույնության
և միասնության պահպանմանը։ Նա ակտիվ պայքար
ծավալեց նաև պավլիկյան աղանդավորական շարժման դեմ՝ ժողովրդին հեռու պահելով եկեղեցուց հեռանալու հնարավոր վտանգից։