Օ’ Հենրի «Քանի դեռ սպասում է ավտոմեքենան»

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ աղջիկը ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ միջավայրից է։

Ոչ, անունս ձեզ չեմ ասի,— խոսքը շեշտեց աղջիկը թեթևակի ժպտալով,— այն բավական ճանաչված է։ Անհնար է դարձել լրագրողներին, նույնիսկ լուսանկարիչներին հեռու պահել որոշ ազգանուններից։ Իմ սպասուհու քողն ու գլխարկը ինձ դարձնում են ծպտյալ։ Պետք է միայն տեսնեք, թե ինչպես է ամեն անգամ վարորդն աչքերը չռում վրաս ու կարծում է, թե իր հայացքը չեմ նկատում։ Անկեղծ ասած, գոյություն ունեն հինգ թե վեց ազգանուն, որոնք սրբության սրբոց են համարվում, և իմը ծնվածս օրից դրանցից մեկն է։ Ես այդ ամենը ասում եմ ձեզ պարոն Սթեքենփոր…

Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում…— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ տղան ցանկանում է ցույց տալ, որ ինքն աղքատ է։

Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է աղջիկը։

Կրկնում եմ, նա մոխրագույն զգեստով էր, որի պարզությունը քողարկում էր ոճի ու կտրվածքի անթերիությունը։ Նրա գլխանոցը երիզված էր նուրբ ու թափանցիկ շղարշով, որի ներքո շողշողում էր աղջկա մեղմիկ, կուսական գեղեցկությամբ օժտված դեմքը։

  1. Դուրս գրեք այն հատվածը, որտեղ երևում է, թե ով է տղան։

Մի երիտասարդ գիտեր այդ մասին։ Նա թափառում էր մոտակայքում՝ հույսը դնելով մեծն պաշտամունքին՝ երջանկությանը մատուցված զոհաբերությունների վրա։ Նրա բարեպաշտությունը փոխհատուցվեց, քանի որ թերթելիս գիրքն աղջկա ձեռքից սահեց ու ընկավ նստարանից երկու քայլ այն կողմ։

  1. Տեղեկություններ հավաքեք հեղինակի մասին։

Դպրոցից հետո դեղագործություն է սովորել, աշխատել հորեղբոր դեղատանը, այնուհետև մեկնել Տեխաս, որտեղ Օսթին քաղաքի բանկերից մեկում աշխատել է որպես գանձապահ ու հաշվետար: Առաջին գրական փորձերը կատարել է 1880-ական թթ. սկզբներին:

Օսթինում 1894թ. Փորթերն սկսել է հրատարակել «Ռոլինգ սթոուն» հումորային շաբաթաթերթը, որն ամբողջությամբ կազմված էր իր ակնարկներից, կատակներից, բանաստեղծություններից և նկարներից: Մի տարի անց շաբաթաթերթը փակվել է, Փորթերին ազատել են աշխատանքից և հայտնաբերված պակասորդի պատճառով ենթարկել դատական պատասխանատվության:

Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմել է փախուստի և մոտ կես տարի թաքնվել Հոնդուրասում, այնուհետև Հարավային Ամերիկայում: Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվել է և բանտարկվել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անց է կացրել 3 տարի (1898-1901թթ.):

Բանտում Փորթերն աշխատել է հաստատության հիվանդանոցում և պատմվածքներ գրել՝ դրանք հրատարակելու համար ընտրելով Օ.Հենրի գրական անունը: Այդ անվան ներքո իր առաջին պատմվածքը՝ «Շվցնող Դիքի սուրբծննդյան նվերը», տպագրվել է 1899թ. «Մաք Քլյուր ամսագրում» (“Mc Clure’s Magazine”):

Օ.Հենրիի առաջին վեպը՝ «Արքաներն ու կաղամբը», լույս է տեսել 1904թ.: Դրան հետևել են պատմվածքների ժողովածուները՝ «Չորս միլիոն», «Վառվող լամպը», «Արևմուտքի սիրտը», «Քաղաքի ձայնը», «Ազնվատոհմ գողը», «Ճակատագրի ուղիները», «Ընտրանի», «Հստակ գործեր» և «Կարուսել»: Մահացել է 1910թ. հունիսի 5-ին Նյու Յորքում:

  1. Ի՞նչ է նովելը։

Նովելը փոքրածավալ, արձակ ստեղծագործություն է: Ծավալով ու բնույթով շատ մոտ է պատմվածքին, հաճախ նույնիսկ դժվար է լինում դրանք իրարից տարբերելը, բայց տարբերություններ կան:

Leave a comment